Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Վերամբարձ խոսքով, բառերով չեն ստեղծվում համընդհանուր բարեկեցությունն ու երջանկությունը»

«Վերամբարձ խոսքով, բառերով չեն ստեղծվում համընդհանուր բարեկեցությունն ու երջանկությունը»
14.09.2012 | 12:23

«Իրատես de facto»-ի հյուրն է նկարիչ, բանաստեղծ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, «Դար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:


«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ ՎԱՐՎԵԼ»


-Տիկին Սվետլանա, մեր նախորդ զրույցի ընթացքում խոսել ենք «Դար» հիմնադրամի գյուղաշինական ծրագրերի մասին, սակայն ձեր գործունեությունը սոսկ շինարարությամբ, գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ անելով կամ կրթամշակութային ծրագրերով չի սահմանափակվում: «Դար» հիմնադրամը նաև հովանավորում է գրքերի հրատարակության գործը: Ի՞նչ սկզբունքով եք ընտրում հովանավորվող գրքերը:
-Ընտրում ենք ըստ կարևորության: Այն գրքերի տպագրությունն ենք հովանավորում, որոնք սերունդ են կրթում: Մինչև մենք մեր ինքնությունը չճանաչենք, չենք հասկանա, թե որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Իմ սեղանին է մեր հիմնադրամի աջակցությամբ հրատարակված, ճանաչված գրող և հրապարակախոս Աննա Պետրոսյանի «Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյա վկայագիրքը: Սա Հայաստան աշխարհը Թորգոմաց տնից մինչև մեր օրերը ներկայացնող հանրագիտարանային աշխատություն է: Այս հատորները պատմագեղարվեստական մեծ արժեք ունեն, ներկայացնում են, թե ինչ նշանակություն ունի հայ մարդու գործոնն ամբողջ աշխարհում, թե ինչ մասնակցություն և ազդեցություն են ունեցել օտարները մեր երկրի մշակութային, քաղաքական և առօրյա կյանքում:
-Դուք համոզված եք, որ մեր ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային մշակույթի մեջ: Պիտի նկատեմ, որ շատ հաճախ աշխարհն այդ ճշմարտությունը չի ընդունում: Դուք, լինելով դրսում, ի՞նչ եք նկատում, ինչպե՞ս են ընդունում հայ մարդուն:
-Երբեմն Ռուսաստանում հանդիպում եմ այնպիսի արհամարհական վերաբերմունքի մեր ժողովրդի հանդեպ, որն ինձ համար անհասկանալի է: Անհասկանալի է, որովհետև մի ժողովրդի ծոցից ելած մեծ նկարչին` Հովհաննես Այվազովսկուն, համարում են ռուս` լավ իմանալով, որ նա ծագումով հայ է: Եվ միևնույն ժամանակ չեն ընդունում այդ նույն ժողովրդին: Գուցե մեր մեջ է սխալը, գուցե նրանից է, որ մեր արժեքներին տեր չենք կանգնում, գուցե ճիշտ չենք ներկայանում ռուս հասարակությանը: Մի անգամ ինքնաթիռում ռուս ուղեկցորդուհին հայտարարություն արեց, որն ակնհայտորեն մեծապետական շովինիզմով էր թաթախված: Ես նրան հակադարձեցի. «Քեզնով չեն չափում ռուս մարդու մակարդակը: Քեզ այս պահին փրկում է Դոստոևսկին»: Ապա թվարկեցի այն ռուս մտավորականների անունները, որոնք իրենց դիրքն ու տեղն են ունեցել ողջ մարդկության պատմության մեջ: Նաև նրանց անունները, ովքեր բարձր են գնահատել հայ մշակույթն ու հայերին: Ասացի, որ իմ աշխարհայացքը ձևավորվել է այդ արժեքներով, որովհետև դրանք մեկ ազգության սեփականությունը չեն, վեր են նեղ շրջանակներից: Եվ մեր խոսակցությունն այդտեղ ավարտվեց: Ի դեմս Ազնավուրի` Ֆրանսիայում և ընդհանրապես աշխարհում ճանաչում են հայերիս: Միաժամանակ սեփական հայրենիքում մենք անվերջանալի տեղապտույտի մեջ ենք: Բայց չէ՞ որ աշխարհի շատ երկրներում հայը վաղուց առաջադիմության խորհրդանիշ է: Սակայն հայը հանրահայտ է, Հայաստանը` անհայտ: Դարեր շարունակ պատճառներ ենք փնտրում մեզ արդարացնելու համար, դժգոհում վատ հարևաններից, 600 տարի պետություն և պետականություն չունենալուց… Քանի դեռ այդ մտածողությունն է իշխում մեր գիտակցությանը, իրավիճակը չի փոխվի: Պետք է սթափվենք: Անկախ պետություն ունենալը փորձություն է, որի հետ պետք է զգույշ և իմաստուն վարվել:
-Դուք հաճախ եք լինում Եվրոպայում, այդ թվում՝ Դանիայում: Ի՞նչ կարող եք ասել այդ երկրներում ապրող մեր հայրենակիցների մասին:
-Հիմնական այցելություններս Եվրոպա ցուցահանդեսներով են պայմանավորված: Անցյալ տարվա գարնանը մասնակցեցի Մոնակոյում կայացած արտ-էքսպոյին, իսկ աշնանը՝ Փարիզում՝ Լուվրի «Grand d’carousel» ցուցասրահում կազմակերպված արտ-էքսպոյին, սակայն հետաքրքրություններիս շրջանակն ավելին է. ես կարևորում եմ շփումներս արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ: Դանիայում հանդիպեցի հայ մարդկանց, որոնց գեներում հայկական արյունը չի գերակշռում, այնուամենայնիվ կրում են հայկական ազգանուններ: Նրանք հայերեն չգիտեն: Նրանց զավակներն ու թոռները դաստիարակվում են այլ արժեքներով: Սակայն մի հանդիպման ժամանակ, երբ խոսք եղավ հայոց ջարդերի մասին, Արծրունի ազգանունով մի տղամարդ, ով իր ոսկե հասակն էր ապրում, աչքերը լցրեց: Ես նկատեցի, որ նրա մեջ մերթընդմերթ ցասումի ալիք էր բարձրանում: Հազարավոր, գուցե միլիոնավոր մեր հայրենակիցներ, իրենց մեջ ցավն ու կարոտի զգացումն անթեղած, սպասում են մի հզոր ազդակի՝ միասին կառուցելու հայոց մեծ տունը: Արտերկրում ապրելով և իրենց լուման բերելով տվյալ երկրի զարգացմանն ու առաջընթացին՝ գուցե հոգում կրում են չբավարարվածության բարդույթ, իր տունը, իր մայր բնօրրանը շենացնելու ձգտումը, որը հայ մարդու համար Աստծո կողմից նախասահմանված առաքելություն է:
-Ինչո՞վ է պայմանավորված այդ երկրների զարգացումն ու առաջընթացը` ըստ Ձեզ:
-Դանիան բարձր քաղաքակրթության և բարեկեցության օրրան է: Ինչպես ցանկացած զարգացած երկիր, այնպես էլ Դանիան հասել է դրան զուտ իր ժողովրդի, իր մտավորականի, իր թագուհու և իր երկրի ղեկավարների պետական մտածողության, մեկը մյուսի նկատմամբ սիրո, նվիրվածության, խոնարհումի շնորհիվ: Դանիացիները հասկացել և ձևավորել են այդ մտածողության դաշտը և այժմ պտուղները վայելում են ազգովին:
-Դե՜, հայերին խոնարհումն այնքան էլ բնորոշ չէ: Բոլորիս հայտնի խոսք է. «Ամեն առավոտ Հայաստանում երեք միլիոն թագավոր է արթնանում»:
-Շատ լավ է, որ բոլորն իրենց թագավոր են զգում, բայց այդ թագավորը պիտի հասկանա, որ ինքը թագավոր է` նախ երկրին ծառայելու համար: Իսկ եթե այդպես չի մտածում, էլ ո՞ւմ դեմ է կռիվ տալիս, ինչի՞ց է դժգոհում: Ասում ենք, թե 600 տարի պետություն և պետականություն չենք ունեցել: Բայց դրանից առաջ ունեցել ենք, չէ՞: Ի՞նչ պատահեց, որտե՞ղ է մեր մեծ վրիպումը թաղված: Այս ամենը պետք է խորապես գիտակցենք: Հակառակ պարագայում էլի մի քանի հարյուրամյակ հրաժեշտ կտանք մեր պետական անկախությանը, մե՛ր անկախությանը:

«ՄԵՆՔ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԵՆՔ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ԱՊՐԵԼՈՒ ԱՅՍ ՀԻԱՍՔԱՆՉ ՀՈՂԻ ՎՐԱ»


-Ի՞նչն եք հատկապես կարևորում կրթության գործընթացում, ինչի՞ վրա եք դնում հիմնական շեշտը Ձեր հովանավորած կրթական ծրագրերում:
-Ես բավական ժամանակ է, որ խոսում եմ մայր կրթելու դպրոցի մասին: Ազգի ճակատագիրը, ինչպես իրավացիորեն նկատել է մեծն Նժդեհը, մոր ձեռքերի մեջ է: Ես իմ ամբողջ էությամբ եմ զգում դա: Այնքան սխալներ կան մեր մայրերի մտածողության, կույր սիրո, պահվածքի մեջ: Նրանք մտածում են, որ մայր լինելը երեխաների վրա դողալ, նրանց համար անհանգստանալ է նշանակում: Չէ՛, այդպես չէ: Մենք դարերով օրիորդաց և ասպետաց դպրոցներ ենք ունեցել: Եվ ի՜նչ արժանապատվություն, ինչպիսի՜ բարձր որակներ էին նրանք ներարկում մարդու մեջ: Իսկ եթե այսօր դերասանուհին, ով, հավանաբար, նաև մայր է, աղբով է բերանը բացում, էլ ի՞նչ կրթության մասին կարող է խոսք լինել: ՈՒ մենք հանդուրժում ենք այդ բոլորը: Ինձ Ճապոնիայում ապշեցրեց մի փաստ. նրանք բացառապես խոսում էին ճապոներեն, իսկ օտարների հետ սովորական հարաբերություններում հաղորդակցվում էին մի կերպ։ Ի՜նչ պաշտամունք մայրենի լեզվի նկատմամբ: Տեսեք, թե ուր են հասել այդ մարդիկ, ինչ զարգացում ու թռիչք է ապրել նրանց երկիրը, բայց ազգային ավանդույթները շարունակում են մնալ առաջնային տեղում. մայրենի լեզուն, մասնավորապես, համարվում է բարձրագույն արժեք: Մեզ մոտ ոմանք նման արժեքներին հավատարիմ լինելը քամահրանքով կոչում են նահապետականության դրսևորում: Բայց ամենազարգացած ազգերն ու երկրներն ի վերուստ նախասահմանված ազգային ավանդույթները, ծեսերը և մշակույթը համարում են բարձրագույն արժեք: Այդպես է ձևավորվում հասարակական գիտակցությունը, և սա էլ նպաստում է պետության զարգացմանը: Որպեսզի մենք հասնենք այդ գիտակցությանը, պետք է ունենանք մայր կրթելու դպրոց: Տեսեք, թե որքան «հիշատակի օրեր» կան` կապված հանգուցյալների հետ: Այնինչ հանգուցյալները դրա կարիքը չունեն: Ընդհակառակը, նրանք «գերադասում են», որ հնարավորինս քիչ անհանգստացնեն իրենց «այն կյանքում», որպեսզի թույլ տան իրենց հոգիներին սավառնել երկնային բարձունքներում: Անընդհատ ողբալ ու սգալ չի կարելի: Արցունքն արցունք է բերում: Ողջերն ունեն իսկական արժեքները տոնելու բնական անհրաժեշտություն, որը կլցնի մեր առօրյան, կձևավորի նոր արժեքներ՝ կյանքը գեղեցիկ ապրելու և վայելելու համար:
-Դանիայում` բարձր քաղաքակրթության, բարեկեցության այդ օրրանում, մարդիկ ինչպե՞ս են բացատրում իրենց զարգացումը, առաջընթացը և ինչպե՞ս են ընկալում Հայաստանի թերացումներն այդ ոլորտներում:
-Իրենք` դանիացիները, խոստովանում են, որ պետությունն իրենց «երես է տալիս», որ իրենք բարեկեցիկ ապրելու որևէ խնդիր չունեն սեփական երկրում: Պետությունը հոգ է տանում քաղաքացու վաղվա օրվա, ծերության, հիվանդության մասին և այդ կարիքների համար տնօրինում է նրա վաստակի մի զգալի մասը` նրա ձեռքից վերցնելով այն և կուտակելով ապագայի համար: Կրթությունը, բժշկությունն անվճար են Դանիայում. մարդիկ ապրում են առանց հոգսի, չունեն ոչ մի անլուծելի խնդիր: Դա մի ուրիշ զգացողություն է:
-Ի՞նչ եք կարծում, Հայաստանը քանի՞ տասնամյակ կամ հարյուրամյակ անց կհասնի այդ մակարդակին: Եվ կհասնի՞ արդյոք:
-Կհասնի, իհարկե: Դա հնարավոր է ընդամենը մեկ, երկու տարում, եթե մեր երկրում գերակայի օրենքը, եթե գնանք ճիշտ ճանապարհով, եթե մարդու իրավունքները չոտնահարվեն, եթե պետության բարձրագույն արժեք համարվեն մարդը և նրա արժանապատվությունը, եթե յուրաքանչյուրն իր պարտքը համարի պետական շինարարությանը մասնակցելու անհրաժեշտությունը, եթե պետության գլխավոր «ճարտարապետն» օժտված լինի հոգևոր և բարոյական բարձր արժեքներով, եթե ամենքս մեր տեղում լինենք և կատարենք մեր գործը բարձր պատասխանատվությամբ, եթե ազգովին հավատանք մեր ապագայի նկատմամբ ունեցած լավագույն ծրագրերի և ճշմարիտ գործողությունների` աստվածային շնորհներով օժտված լինելուն, ուժին և կարողությանը: Վերջապես, եթե մենք ընդամենը անկեղծ ու շիտակ լինենք ինքներս մեզ հետ:
-Ի՞նչ դեպքերում են փոխհատուցվում Ձեր ջանքերը:
-Ես ամեն բան անում եմ հոգու պահանջով՝ դիմացը ոչինչ չակնկալելով: Պիտի տաս, որ ստանաս: Վերամբարձ խոսքով, բառերով չեն ստեղծվում համընդհանուր բարեկեցությունն ու երջանկությունը: Համընդհանուր շահի գերակայությունը մասնավորի հանդեպ կոնկրետ գործ անելու ձգտում պետք է լինի: Հավատացնում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք արժանապատվորեն ապրելու մեր պապերից ժառանգած այս հիասքանչ հողի վրա և այն դարձնելու աշխարհասփյուռ հայության վերջնական հանգրվան:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ